Համո Սահյան

Published Декабрь 1, 2012 by vahanaghababyan

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ 1914-1993

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ.ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:

1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:

Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Սահյանը թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:

1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:

Օրը մթնեց
(Սերո Խանզադյանին)

Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:

Իջնում էին խոհուն, խոնարհ
Դեզերի ուսին
Մի կաթնահունց երկնակամար,
Մի ծերատ լուսին:

Մեկը մեկից ամաչելով,
Եվ զուսպ, և հավաք,
Նստում էին մերոնք կարգով-
Կրտսեր ու ավագ:

Նստում էին և սպասում
Մինչև պապը գար,
Մինչև բակում Ծաղիկ եզան
Զանգը ծլնգար:

Պապը գալիս, սուփրի գլխին
Նստում էր շուքով,
Եվ լցվում էր տունը դաշտի
Բույր ու շշուկով…

Ու երբ տատս ձեռքն էր առնում
Շերեփը իր հին,
Գդալները բնազդաբար
Աղմկում էին:

Թանապուրի տաք գոլորշին
Գերանին առնում
Եվ սյունն ի վար գլոր-գլոր
Ուլունք էր դառնում:

Վայելում էր տաք թանապուր,
Լավաշ ու սամիթ
Աշխարավոր մի գերդաստան՝
Պարզ ու միամիտ…

Հիմա այդ մեծ գերդաստանից
Ոչ մեկը չկա…
Ես եմ մնում լոկ իբրև հուշ
Եվ իբրև վկա:

Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:

Գարունդ հայերեն է գալիս

Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս,
Հայերեն են հորդում ջրերդ:
Հավքերդ երգում են հայերեն,
Խոփերդ հերկում են հայերեն,
Հայերեն են տոկում գրերդ:
Արևդ հայերեն է ծագում,
Ծառերդ հայերեն են ծաղկում,
Հայերեն են պայթում բառերդ:
Հունդերդ ծլում են հայերեն,
Ձեռքերդ կռում են հայերեն,
Հայերեն են լռում քարերդ:
Ձորերդ շնչում են հայերեն,
Զոհերդ ննջում են հայերեն,
Հայերեն են տանջում ցավերդ:
Որքան էլ ձեռքից գնացել,
Դու էլի հային ես մնացել,
Հայերեն են հառնում սարերդ:
Թող Աստված եղածը պահի,
Եվ հետո ինչ էլ պատահի,
Ձյուներդ հայերեն են լալու,
Գարունդ հայերեն է գալու,
Հայերեն են գալու դարերդ:

Մի տեղ իշխան ու տեր

Մի տեղ իշխան ու տեր,
Մի տեղ համեստ հովիվ,
Մի տեղ ճորտ եմ եղել,
Մեկին մոտ-մտերիմ,
Մեկին հազիվ ծանոթ,
Մեկին խորթ եմ եղել:
Մի օր զարթնած անտառ,
Մի օր հնձած հովիտ,
Մի օր կորդ եմ եղել:
Ինչ եղել եմ, եղել,—
Միայն չասեք, թե ես
Ավելորդ եմ եղել:
Ես կատարյալ մարդու,
Մարգարեի, աստծո
Հավակնորդ եմ եղել:
Ես և բարձր եմ եղել,
Եվ շիտակ եմ եղել
Իմ երազի նման,
Եվ իմ անցած երկար
Ճանապարհի նման
Խորդուբորդ եմ եղել:

Նորից կարմիր ու կանաչ

Նորից կարմիր ու կանաչ
Իմ երազները
Բաց են արել մեր հին տան
Հին դարբասները:

Մայրս խմոր է արել,
Սպիտակ խեժ է,
Խեժը գնդել է, շարել,
Թոնիրը թեժ է:

Հացը բուրում է՝ հողից
Մինչև եթերը…
Խղճիս ստրուկն եմ նորից
Ու գլխիս տերը:

Աշխարհն այնպես արևոտ,
Այնպես թեթև է,
Եվ մահս՝ յոթ անգամ յոթ
Լեռան ետև է:

Նորից կարմիր ու կանաչ
Իմ երազները
Բաց են արել մեր հին տան
Հին դարբասները:

Ախր ես ինչպես վեր կենամ գնամ

Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Ինչից է որ Հայաստանում

Ինչից է որ Հայաստանում
Ջրերը չեն հանգստանում
Այլ քարե-քար ընկած այսպես,
Հնուց ի վեր, գժվածի պես,
Շարաչում են կիրճերն ի վար,
ԵՎ ճչում են տագնապահար:

-Ինչպե՞ս, ինչպե՞ս հանգստանան
Երբ հայրենի լեռների մեջ
Նրանք չունեն ապաստարան…
ԵՎ գնում են ապաստանում
Հեռու՜-հեռու՜ տափաստանում:
Ես քո լույսն էի

Ես քո լույսն էի,
Քո լուսաբացը,
Բայց ով էր, ինչ էր
Քո որոնածը:
Ես քո հույսն էի,
Քո արդար հացը,
Բայց ով էր, ինչ էր
Քո որոնածը:
Քո տան սյունն էի,
Քո մեղքն ու լացը,
Բայց ով էր, ինչ էր
Քո որոնածը:
Էլի քո ջուրն եմ
Ու ջրաղացը…
Թող բարի լինի
Քո վերադարձը:
Արթուն քամի, քնած քարափ
Արթուն քամի, քնած քարափ…
Ի՞նչ կլիներ, եթե հանկարծ
Ծիծեռնակը մնար պարապ.
Ընկեր չընտրեր,
Կեր չփնտրեր,
Բույն չշիներ,
Ձու չդներ,
Եվ չհոգար ձագի համար,
Եվ չթռչեր քերծերն ի վեր,
Եվ չկանչեր քիվերն ի վար…
Առանք երգի, առանց հոգսի
Ինչպե՞ս կանցներ նրա տարին,
Թեկուզ աշխահն իրեն տային:

Մեր տան պատից մի քար լիներ

Մեր տան պատից մի քար լիներ,
Նստեի վրան
Ու պատմեի անտուն կյանքիս
Հեքիաթը նրան:
Պատմեի, թե այս աշխարհում
Ինչեր եմ քաշել
Եվ գլխիս տակ քանի՜, քանի՜
Քարեր եմ մաշել:
Ու լսեի վերջին անգամ
Խորհուրդը նրա
Ու մեռնեի ապուպապոտ
Այդ քարի վրա…
Իմ երգածը սար է
Իմ երգածը սար է,
Իմ երգածը ձոր է,
Մեկն ասում է` չար է,
Մեկն ասում է` չոր է:
Իմ երգածը դար է,
Իմ երգածը օր է,
Մեկն ասում է` խառ է,
Մեկն ասում է` խոր է:
Իմ երգածը բախտ է,
Իմ երգածը սիրտ է,
Մեկն ասում է` բարդ է,
Մեկն ասում է` բիրտ է:
Իմ երգածը հիմն է,
Հիմն է, հիմնավոր է,
Մեկն ասում է` հին է,
Մեկն ասում է` նոր է:

 

Հայրենի հեռավոր ձորում
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում:
Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան:
Թափառող թախիծն եմ հողիդ
Հայրենի հեռավոր հովիտ:
Ուր էլ որ գնամ, աչքերիս առաջ
Ուր էլ որ գնամ, աչքերիս առաջ
Քո քարափներն են շիկնելու նորից,
Ուր էլ որ գնամ, իրար շուք արած
Քո սարերին եմ թիկնելու նորից:
Ուր էլ որ գնամ, ուր էլ որ գնամ,
Քո սարերի պես քո կանաչ-կարմիր
Մայրամուտներն են հանգելու նորից:
Եվ հոգնաշավիղ աշխարհների մեջ
ինչ կանչերով էլ ականջս շահեն,
Ինչ սերերով էլ սիրտս պաշարեն,
Ինչ համերով էլ կաշառեն լեզուս,
Շաղոտ շուրթերով՝ շարականաշուք
Քո շշուկներն եմ կրկնելու նորից:
Ուր էլ որ գնամ, քո լցվող հասկի,
Եվ քո խորհուրդներն աշխարհին տանող
Ասքի համար եմ տքնելու նորից:
Ուր էլ որ գնամ, աչքերիս առաջ
Քո քարափներն են շիկնելու նորից,
Ուր էլ որ գնամ, իրար շուք արած
Քո սարերին եմ թիկնելու նորից:
Ուր էլ որ գնամ, ուր էլ որ գնամ,
Քո սարերի պես քո կանաչ-կարմիր
Մայրամուտներն են հանգելու նորից:
Եվ հոգնաշավիղ աշխարհների մեջ
ինչ կանչերով էլ ականջս շահեն,
Ինչ սերերով էլ սիրտս պաշարեն,
Ինչ համերով էլ կաշառեն լեզուս,
Շաղոտ շուրթերով՝ շարականաշուք
Քո շշուկներն եմ կրկնելու նորից:
Ուր էլ որ գնամ, քո լցվող հասկի,
Եվ քո խորհուրդներն աշխարհին տանող
Ասքի համար եմ տքնելու նորից:

Ժայռից մասուր է կաթում
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպե?ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշունըէ, ուշ է:

Եթե աշխարհը նույնն էր մնալու
Եթե աշխարհը նույնն էր մնալու,
Եթե քո ջանքից
Նրա բեռը չէր թեթևանալու,
Էլ ո՞վ էր ասում,
Որ այնքան ծանր հոգսերը նրա
Առնեիր քո թույլ ուսերի վրա։
Եթե քո առաջ դուռ էր փակելու
Եվ չէր դնելու ականջը լանջիդ,
Եվ գլուխ չուներ՝ արձագանքելու
Ամեն մի կանչիդ.
Էլ ինչո՞ւ էիր այդքան թրթռում,
Էլ ինչո՞ւ էիր դու քեզ քրքրում,
Էլ ինչո՞ւ էիր ականջդ սրում,
Որ նրա ամեն շշուկը բռնես,
Որ նրա ամեն խորհուրդն ըմբռնես,
Նրա հետ ընկնես, նրա հետ թռնես,
Մեռնես, համբառնես…
Էլ ինչո՞ւ էիր,
Բոբիկ ոտներդ մաշում քարերին,
Փորձում անհնարն ու անկարելին,
Եթե աշխարհը նույնն էր մնալու,
Եվ ինչ-որ չափով
Չէին մաշվելու հոգսերը նրա։
Բայց էլի, սիրտ իմ,
Շնորհակալ եմ ես հազար անգամ,
Որ գոնե ինքդ բեռ չմնացիր
Աշխարհի հոգնած ուսերի վրա։

Ամպրոպից հետո
Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը եւ դու
Հասկանալի եք լինում ավելի…

Ես հարուստ էի
Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի երազանքներով
Գնել յոթ երկինք ու տալ քեզ նվեր։
Բայց դու երկնքի կարիք չունեիր,
Քեզ լոկ մի կապույտ թաշկինակ էր պետք
Իմ կապույտ–կապույտ
Արտասուքները սրբելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ վերհուշերի անհուն պաշարով
Գնել աշխարհի ծովերը բոլոր
Ու տալ քեզ նվեր,
Բայց դա ծովերի կարիք չունեիր,
Քեզ հարկավոր էր լոկ մի հայելի՝
Մազերիդ վրա
Մատներիս մեղքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Անվերջանալի իմ կորուստներով
Գնել Հարդագողն ու տալ քեզ նվեր։
Դու Հարդագողի կարիք չունեիր,
Քեզ լոկ մի խավոտ ուղեգորգ էր պետք՝
Վրան քանդակված
Իմ ոտնահետքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի տառապանքներով
Գնել յոթ աշխարհ,
Հայտնի և անհայտ մայրցամաքներով,
Ու տալ քեզ նվեր։
Դու մայրցամաքի կարիք չունեիր,
Քեզ մի ածու էր հարկավոր միայն
Իմ ցանած հերկը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի հղացումներով
Գնել յոթ հազար հավիտենություն
Ու տալ քեզ նվեր։ Բայց դու, հիրավի,
Հավիտենության կարիք չունեիր,
Քեզ մի մեղրամիս, մի մեղրատարի
Եվ մի արծաթե հարսանիք էր պետք,
Քո բախտի վրա և ուսիդ վրա
Իմ հասնող ձեռքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Եվ թվում էր, թե
Ինձանից հարուստն աշխարհում չկա
Ու չի լինելու։
Բայց դու ինձանից հարուստ դուրս եկար,
Դու, անհատնելի իմ հարստություն:

Հողոտ, մղեղոտ

Հողոտ, մղեղոտ մի մութ էր հագնում,
Հետո լուսնյակ էր հագնում մեր տունը:
Կտուրին բարդու ստվերն էր քնում,
Եվ շեմքի վրա քնում էր շունը:
Կիսարթուն քամին կտուրից թոչում,
Ցանկապատին էր հենում կռնակը:
Անթեղի վրա կատուն էր ննջում,
Իսկ անթեղի տակ հոգնած կրակը:
Բակում փուլ գալիս և առոք-փառոք
Որոճում էին օրհնած եզները:
Տան կտուրի տակ արթուն էին լոկ
Հողոտ, մղեղոտ մեր երազները:
Ամռան գիշերը գլուխը հակում,
Ծնկները գրկում ու մտածում էր…
Իսկ երազները աչք էին փակում,
Երբ որ լուսաստղը աչքը բացում էր:
Հողի տակ են մեր հոգսերը անհոգ,
Բարդու շրշունր, շունը, գիշերը,
Իսկ հողի վրա խշխշում են լոկ
Հողոտ, մղեղոտ իմ վերհուշերը:
Պառկել է ծառի ստվերն անշշուկ
Պառկել է ծառի ստվերն անշշուկ,
Մեջքին է ընկել թաց գետնի վրա։
Խեղճը կմրսի…
Արդեն սարսռում, սևին է տալիս,
Դողում են արդեն ծնկները նրա,
Շրթունքներն արդեն իրար չեն գալիս։
Ես ի՞նչ անեմ, ծա´ռ։ Նստեմ համբերե՞մ,
Թե ելնեմ գնամ կացինը բերեմ։
Թե՞ ես էլ պառկեմ թաց գետնի վրա,
Ստվերի կողքին,
Շոշափեմ նրա զարկերակը թույլ,
Ճակատը շփեմ,
Գուցե թե փրկեմ ես նրա հոգին։
Ես ի՞նչ անեմ, ծա´ռ…
Ավելի լավ է, քանի չի դիպել
Միջօրեի թեժ ձեռքը մազերիդ,
Եվ արևը դեռ չի հասել զենիթ,
Ստվերդ ծալեմ դնեմ ծոցիս մեջ,
Վեր կենամ գնամ,
Ինքը տաքանա, ու ես զովանամ։

Ի՞նչ է ուզում ինձնից
Ի՞նչ է ուզում ինձնից
Այս կատաղած քամին,
Այս ծաղրածու քամին,
Լարախաղաց քամին,
Մի մեծ, մի լավ աշուն
Տարած-թաղած քամին։
Թող գա, այգուս խշշան
Խաշամն առնի գնա,
Փռչակալած, փոշոտ,
Փշաքաղված քամին։
Ի՞նչ է ուզում ինձնից
Թոկից փախած քամին,
Հազար անտառ, հազար
Ձոր հաճախած քամին,
Մի եղյամոտ աշուն
Պոչից կախած քամին։
Իմ տան քիվի վրա
Թողած-փախած հավքի
Մի փետուր է մնում,
Թող գա առնի գնա,
Ախ, այս նախանձ քամին,
Խիղճը ծախած քամին։

Կայծակէր, խփեց
Կայծակ էր, խփեց, բեկվեց, թպրտաց,
Ու մեկը մեռավ լեռան կատարին,—
Երանի նրան։
Ամպրոպ էր, պայթեց, փլվեց ու գնաց,—
Ու մեգը մեռավ լեռան կատարին,—
Երանի նրան։
Թևերն ամփոփեց, հավաքվեց գնաց,
Ցերեկը մեռավ լեռան կատարին,—
Երանի նրան։
Իմ երազի մեջ մեկն իմ ականջին
Շշուկով ասաց.— հողի, երկնքի
Իրար համբուրող շուրթերի վրա
Քո երգը մեռավ լեռան կատարին,
Երանի՜ նրան:

Սև քրտինք է քամում
Սև քրտինք է քամում քարանձավը կրկին,
Սև երախը բացել և սև ամպ է լափում,
Մոշի թուփը կանգնել քարանձավի հոնքին
Եվ խեղճ առվի գլխին սև կարկուտ է թափում:
Սև մշուշի միջից կարմիր բոց է բխում—
Մախրենին է մխում քարե բարձի վրա,
Ո՞վ իմանա արդյոք, ի՞նչ մտքեր են գլխում
Եվ ինչե՞ր է խորհում
Քամիների անհոգ անցուդարձի վրա։
Թափուր ձորի վրա
Ծիծեռնակի թափուր բույնն է կախվել նորից,
Եվ մասրենին՝ թափուր կածանների վրա
Իր երազի կարմիր ասուպներն է թափում։
Առվի փեշերն ի վեր
Մի բուռ խոնավ կանաչ ծիծաղում է ձորից.
Թե, հա, տեսեք-տեսեք, ես պատրանքն եմ գարնան,
Մեկը լինի ասի, վերջին, վերջին կանաչ,
Դու այդ ո՞ւմ ես խաբում…
Դու այդ ո՞ւմ ես խաբում, երբ անտառի դեղին
Խելքը վերջին մրսած մացառին է անցել,
Եվ քարափներն անգամ իմաստուն են դարձել։
Քարափներ իմ, քարափներ
Քարափներ իմ, քարափներ,
Ձեր շուրթերի վրա ես
Սարսուռ ու դող եմ:
Ձեր  հոնքերի վրա ես
Ձյունի փափուկ մի փաթիլ,
Մի կաթիլ ցող եմ:
Ձեր մեջքն ամուր է այնքան,
Դուք կանգուն եք հավիտյան,
Ես կռացող եմ:
Ձեզ ժամանակն է դարբնել,
Դուք մնացեք, քարափներ,
Ես գնացող եմ…
Բայց գնալուց հետո էլ,
Երբ որ կանչեք, կարթնանամ,
Ձեր ոտքերի տակ` մի բուռ
Խոր քնած հող եմ:

Երազիս մեջ ինձ տեսա քո աչքերով
Երազիս մեջ ինձ տեսա քո աչքերով,
Քո աչքերով, քո աչքերով ճանաչեցի:
Երազիս մեջ ես մեռա ինձ անիծելով,
Երազիս մեջ ես ինձանից ամաչեցի:

Երազիս մեջ քեզ խղճացի հազար անգամ
Հազար անգամ քեզ ներեցի երազիս մեջ
Եվ զարմացա, ավելորդ է ասելն անգամ
Թե ես ինչպես համբերեցի երազիս մեջ

Երազիս մեջ համբերեցի, բայց արթնացա
Եվ հասկացա, որ վաղուց ես ինձ սպանել…
Ես մեկն էի, ինչպե՞ս որ երկու դարձա,
Միտք եմ անում… ու չեմ կարող լուսաբանել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: