ՀԱՅ ԳՐՔԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐՆ ՈՒ ՏՊԱՐԱՆՆԵՐԸ

Published Март 9, 2013 by vahanaghababyan

Հ.Մեղապարտ

ՀԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏ (Ջուղայեցի) — Հայ տպագրական արվեստի սկզբնավորողն ու հիմնադիրն է: Վենետիկում պատվիրել է ձուլածո տառեր, զարդագրեր և 1512-1513թթ. հրատարակել հայատառ 6 գիրք: Նրա հրատարակումներից մեզ են հասել հայերեն առաջին տպագիր գիրքը`«ՈՒրբաթագիրք»-ը և ևս չորս գիրք` «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար», «Տաղարան»:

 

Ա. ԹոխատեցիԱԲԳԱՐ ԹՈԽԱԹԵՑԻ (Աբգար դպիր) — 1566թ. Վենետիկում հրատարակել է հայերեն առաջին տպագիր օրացույցը, որը անվանել է «Խառնայփնթուր տումարի գեղեցիկ և պիտանի»: 1567-ին Կ. Պոլսում հիմնել է հայկական առաջին տպարանը և 1567-1569թթ. հրատարակել  7 գիրք:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՏԵՐԶՆՑԻ — 1584թ. Հռոմում հրատարակել է «Տումար Գրիգորյան» գիրքը, իսկ 1587-ին Վենետիկում` «Սաղմոսարան»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՐՄԱՏԱՆԵՆՑ (Բաղիշեցի) — 1616թ. Լվովում (Լեհաստան) հիմնել է տպարան և հրատարակել 478 էջից բաղկացած սաղմոսարան:

ԽԱՉԱՏՈՒՐ ԿԵՍԱՐԱՑԻ— Նոր Ջուղայի (Պարսկաստան) Ամենափրկիչ վանքում 1638-ին հիմնել է տպարան և տպագրել մի սաղմոսարան: 1641-ին լույս է ընծայել 703 էջից բաղկացած «Հարանց վարք», 1642-ին` «Ատենի ժամագիրք» գրքերը:

17-րդ դարի երկրորդ կեսից տպարանը գործել է ընդմիջումներով: Բեղմնավոր գործունեությունը շարունակել է 1880-ից հետո:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՋՈՒՂԱՅԵՑԻ — Տպագրական արվեստի մեջ կատարելագործվելու և Նոր Ջուղայի տպարանի համար սարքավորումներ ձեռք բերելու նպատակով 1639թ. մեկնել է Եվրոպա: 1644թ. Լիվոռնոյում (Իտալիա) հրատարակել է «Սաղմոս Դավթին» գիրքը, 1647թ. Նոր Ջուղայում` իր  «Պարզատումար Ազարիայրի»  աշխատությունը և նախաձեռնել Աստվածաշնչի հայերեն հրատարակում: Սակայն դժվարությունների պատճառով նրա մտահղացումը չի իրագործվել:

ՄԱՏԹԵՈՍ ԾԱՐԵՑԻ — 1658թ. Ամստերդամում հիմնել է «Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի զորավարի» տպարանը և 1660-ին տպագրության է հանձնել Շնորհալու «Յիսուս որդի» երկը, որը լույս է տեսել հետմահու` 1661 թվականին:

ԱՎԵՏԻՍ ՂԼԻՃԵՆՑ—  1661 թվականից Ամստերդամի հայկական տպարանը պատկանել է հիմնադիր Ծարեցու գործընկեր Ավետիս Ղլիճենցին: Նրա ջանքերով 1663 -ին լույս է ընծայվել «Ժամագիրք» և 1664-ին` «Սաղմոս» գրքերը:

ԿԱՐԱՊԵՏ ԱԴՐԻԱՆԱՑԻ— 1664թ. փոխարինել է Ամստերդամի հայկական տպարանի տնօրեն Ավետիս Ղլիճենցին և նախաձեռնել «Շարական» մեծածավալ գրքի հրատարակումը:

Ո. ԵրևանցիՈՍԿԱՆ  ԵՐԵՎԱՆՑԻ —  Ծնվել է Նոր Ջուղայում, Երևանցի է անվանվել ծնողների ծննդավայրի անունով:

1666թ. ստանձնել է Ամստերդամի հայկական տպարանի տնօրինությունը: Նախ հրատարակել է «Այբբենարան և քրիստոնեական» հայոց լեզվի և կրոնի դասագիրքը, ապա սկսել է 1464 էջից բաղկացած հայերեն առաջին «Աստվածաշունչ» մատյանի հրատարակումը և ավարտել 1668-ին: Այդ ժամանակահատվածում լույս է ընծայել ևս 12 անուն գիրք`  «Նոր Կտակարան», Այգեկցի` «Աղվեսագիրք»,  Խորենացի`  «Աշխարհագրություն»  և այլն: Աստվածաշնչից հետո նրա կարևոր հրատարակումներից է «Ձայնաքաղ շարական» խազագիր ձայնանիշերով հայերեն առաջին տպագիր գիրքը:

1670-1671թթ. Լիվոռնոյում (Իտալիա) հիմնել է տպարան և հրատարակել 2 անուն գիրք: 1672-ին տպարանը տեղափոխել է Մարսել, սակայն հալածվելով կաթոլիկ եկեղեցու կողմից և չդիմանալով տառապանքներին, մահացել է 1674-ին: Նրանից հետո տպարանը ընդմիջումներով գործել է մինչև 1683 թվականը:

ՄԿՐՏԻՉ (գրաշար) —  Տպագրական գործում հմտացել է Ոսկան Երևանցու Մարսելում հիմնած տպարանում: Իր ծննդավայր Զմյուռնիայում հիմնել է «Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի զորավարի» տպարանը և 1776թ. տպագրել «Գիրք սրբոյն Մաշտոցա վարդապետի» գիրքը:

ԵՐԵՄԻԱ ՔՅՈՄՈՒՐՃՅԱՆ —  1677թ. Կ. Պոլսում հիմնել է հայկական երկրորդ տպարանը և 1677-1678թթ. հրատարակել 2 անուն գիրք:

ԳՐԻԳՈՐ  ՄԱՐԶՎԱՆԵՑԻ —  1684թ. Կ. Պոլսում հիմնել է տպարան, որը գործել է շուրջ 45 տարի և լույս ընծայել մոտ 14 անուն գիրք: 1698-ին` «Տաղարան», 1706-ին` 720 էջից բաղկացած պատկերազարդ «Յասմավուրք», 1709-ին` «Ագաթանգեղոս», 1726-ին` «Նարեկ» և այլ արժեքավոր գրքեր:

ԳԱՍՊԱՐ  ՋՈՒՂԱՅԵՑԻ (Սահրատյան) և ԹԱԴԵՈՍ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ —  1686-ին տպարան են հիմնել Վենետիկում: 1686-1687թթ. այս տպարանը հրատարակել է 3 անուն գիրք, որոնցից նշանավորը «Ճաշոց»-ն է:

ԽՈՋԱ  ՆԱՀԱՊԵՏ  ԳՈՒԼՆԱԶԱՐ —  Վենետիկում հիմնել է տպարան և 1687թ. հրատարակել «Պարզաբանություն սաղմոսաց» 840 էջից բաղկացած պատկերազարդ, կաշեկազմ գիրքը, որի կեսը տպագրել է աշխարհաբար: Նրա հրատարակումը աշխարհաբար տպագրված հայերեն առաջին գիրքն է:

ՄԱՏԹԵՈՍ  ՎԱՆԱՆԴԵՑԻ (Հովհաննիսյան) —  Ամստերդամում հիմնել է տպարան þ 1685-1688թթ. հրատարակել 3 անուն գիրք:

ԹՈՎՄԱՍ ՎԱՆԱՆԴԵՑԻ (Նուրիջանյան) — 1693թ. ստանձնել է Մատթեոս Վանանդեցու Ամստերդամի տպարանի տնօրինությունը և 1695-1717թթ. հրատարակել 21 անուն գրքից ավելի: Այդ թվում, 1695-ին` հայերեն առաջին «Համատարած աշխարհացույց» մեծադիր քարտեզը: Քարտեզի բացատրագիրքը լույս է ընծայել 1696-ին:

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԱՊՈՒԽՉԵՑԻ — 1700թ. Կ. Պոլսում հիմնել է տպարան, որը հետագայում դարձել է Կ. Պոլսի ամենաառաջնակարգ տպարանը և ժառանգաբար անցնելով նրա սերունդներին, գործել է մոտ 150 տարի:

Նրա տպարանը հրատարակել է հայ գրականությանը և մշակույթին վերաբերող բազմաթիվ արժեքավոր գրքեր, հայ նշանավոր հեղինակների ստեղծագործություններ` Առաքել Սյունեցու «Ադամագիրք», Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց», «Դավիթ Անհաղթ» և այլն:

ՍԱՐԳԻՍ  ԴՊԻՐ —  1701թ. Կ. Պոլսում հիմնել է տպարան, որը գործել է մինչև 1722 թվականը: Հրատարակել է հոգևոր գրքեր` «Տոնացույց», «Ժամագիրք», «Գիրք և Ճառ հոգեշահ» և այլն:

ՊԵՏՐՈՍ  ԼԱՏԻՆԱՑԻ —  Կ. Պոլսում հիմնել է տպարան, որը գործել է 1704-1712 թվականներին: Նրա հրատարակումներից հայտնի է 5 անուն գիրք, որոնցից նշանակալին 1705-ին  հրատարակած «Աստվածաշունչ» մատյանի  հայերեն երկրորդ հրատարակումն է:

ՄԱՐՏԻՐՈՍ  ԴՊԻՐ— 1721 թվականից ստանձնել է հոր` Սարգիս Դպիրի Կ. Պոլսում հիմնած տպարանը: Բարեկարգել և հրատարակչական գործով է զբաղվել մինչև 1758 թվականը:

Նրա հրատարակումներից ամենաարժեքավորը 1728թ. տպագրած «Բուզանդարան պատմություն»` Փավստոս Բուզանդի  Հայոց պատմության առաջին հրատարակումն է:

ԲԱՐՍԵՂ և ՀԱԿՈԲ ՍԵԲԱՍՏԱՑԻՆԵՐ— 1735թ. Կ. Պոլսում հիմնել են տպարան և հրատարակել  «Շարակնոց», «Ավետարան», «Գիրք պատճառաց Արիստոտելի» և այլ գրքեր: Նրանց տպարանը գործել է մինչև 1750-ական թվականները:

ԴՊԻՐ  ԱԲՐԱՀԱՄ  ԹՐԱԿԱՑԻ —  1735թ. Կ. Պոլսում հիմնած նրա տպարանը գործել է մինչև 1746 թվականը: Նրա հրատարակումներից լավագույնները «Գիրք դպրության» տաղարանը և Գրիգոր Տաթևացու գրվածքների տպագրություններն են:

ՍՏԵՓԱՆՈՍ  ՊԵՏՐՈՍՅԱՆ— 1750թ. Կ. Պոլսում հիմնել է տպարան, որը, առաջին գրքի հրատարակումից հետո, շուրջ 21 տարի ինչ-ինչ պատճառներով ընդհատել է գործունեությունը: 1772-1792թթ. լույս է ընծայել «Գործ առաքելոց», «Ժամագիրք հայոց», «Տաղարան վայելուչ», «Գանձարան փոքրիկ» և այլ գրքեր:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՊՈՒԽՉԵՑԻ—  1750-ական թվականներին, հոր` Աստվածատուր Ապուխչեցու մահից հետո, ստանձնել Կ. Պոլսում նրա հիմնած տպարանի տնօրինությունը և մինչև 1790-ական թվականները հրատարակել է մեծ թվով արժեքավոր գրքեր:

ՄԱՐԿՈՍ—  1759-ին Զմյուռնիայում հիմնել է տպարան և մինչև 1762 թվականը լույս է ընծայել 3 անուն գիրք, որոնցից կարևորը Եզնիկ Կողբացու գրվածքների հրատարակումն է:

ՊՈՂՈՍ ԱՐԱՊՅԱՆ—  Հրատարակչական և տպագրական արվեստում հմտացել է իր պապի` Աստվածատուր Ապուխչեցու Կ. Պոլսում հիմնած տպարանում և հասել արտակարգ հեղինակության: Հրատարակչությամբ զբաղվել է շուրջ 70 տարի: Ճանաչվել է 1760-ական թվականներին:

1774-ին Վրաստանի թագավոր Հերակլ 2-րդը նրան հրավիրել է Թիֆլիս` վրացական տպագրական տառերը բարեկարգելու: Կ.Պոլսում ստեղծել է թուրքերեն Թալիգ և Նեսիհ գրերը, որոնք նրա անվամբ կոչվել են նաև Արապօղլու: Սուլթանի հրամանով նշանակվել է թուրքական Արքունի տպարանի տեսուչ:

Նրա հրատարակումներից հիշատակելի են «Պարսկերեն-հայերեն բառարան՚-ը «Ժամագիրք», «Նարեկ», «Քերականություն հայոց լեզվի» և այլ գրքեր:

ՀՈՎՀԱՆՆԵՍ և ՀԱԿՈԲ տիրացուներ — Կ. Պոլսում հիմնել են տպարան և 1766-1768թթ. հրատարակել հոգևոր բովանդակությամբ 5 անուն գիրք, որոնցից լավագույնները թռչնագրերով և լուսանցազարդերով տպագրված «Ավետարան» և «Տաղարան Պաղդասար Դպիրի» հրատարակումներն են:

ՍԻՄԵՈՆ ԵՐԵՎԱՆՑԻ Կաթողիկոս — 1771թ. Էջմիածնում հիմնել է Հայաստանում առաջին` «Ս. Գրիգոր Լուսավորիչ» տպարանը, 1776-ին հիմնադրել է թղթի գործարան:

1772-ին հրատարակել է «Փոքրիկ տաղարան», այնուհետև` «Տոնացույց», Հովսեփ Եբրայեցու «Պատմություն» և այլ գրքեր: 1793-ից հրատարակումներն ընթացել են ընդհատումներով: Տպարանի գործունեությունը նորից աշխուժացել է 1866-ից հետո` Գևորգ Դ Կաթողիկոսի օրոք: Այդ ժամանակաշրջանի ամենանշանակալի հրատարակումները «Ճաշոց» (1872թ.) և «Ձայնագրեալ շարական» (1875թ.) գրքերն են: Հոգևոր գրականությանը զուգահեռ, տպարանը լույս է ընծայել հայոց պատմությանն ու ազգագրությանը, լեզվաբանությանը վերաբերող գրքեր և  դասագրքեր:

ՇԱՀԱՄԻՐ  ՇԱՀԱՄԻՐՅԱՆ —  1772-ին տպարան է հիմնել Հնդկաստանի Մադրաս քաղաքում և մինչև 1800-ական թթ. լույս է ընծայել «Այբբենարան» կամ «Քերականություն», «Որոգայթ փառաց», «Տետրակ», որ կոչի «Նշավակ» և այլ գրքեր:

Մ.ՍեբաստացիՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏՊԱՐԱՆ — 1776թ. հիմնադրվել է Ավստրիայի Տրիեստ քաղաքում: Գործունեության սկզբում լույս է ընծայել «Ժամագիրք», «Առակք Եզոպոսի», «Այբբենարան», «Հոգևոր երգք», «Պատմություն Մեծին Ճենկիզխանի» և նմանատիպ այլ գրքեր: 1811թ. տեղափոխվել է Վիեննա և շուտով դարձել եվրոպական առաջնակարգ տպարան-հրատարակչություն: 19-րդ դարի վերջում հրատարակումներ է ունեցել 50 լեզուներով, հրատարակել է հայագիտական բազմաբնույթ մոտ 500 անուն գիրք:

ԳՐԻԳՈՐ ԽԱԼԴԱՐՅԱՆ — 1780թ. Լոնդոնում հրատարակել է «Դավանություն հավատոյ»  գիրքը:

1781-ին Պետերբուրգում հիմնել է տպարան և հրատարակել «Այբբենարան», «Ժամագիրք», Շնորհալու «Յիսուս որդի», «Ճաշոց», «Ավետարան», «Վեմ գայթակղութեան» և այլ գրքեր: Նրա տպարանը գործել է մինչև 1788 թվականը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  ՇՄԱՎՈՆՅԱՆ — 1780-ական թթ. Մադրասում հիմնել է տպարան և մինչև 1800 թվականը հրատարակել 10 անունից ավելի գիրք` «Ողբ Հայաստանեաց», «Գիրք սահմանաց Դավթի Անհաղթ փիլիսոփայի» և այլն: 19-րդ դարի առաջին տասնամյակում լույս է ընծայել ևս 4 անուն գիրք:

Նրա հրատարակումներից ամենանշանավորը 1794թ. լույս ընծայած հայերեն առաջին պարբերականի` «Ազդարար»-ի տպագրությունն է:

ՎԵՆԵՏԻԿԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏՊԱՐԱՆ — Հիմնադրվել է 1789թ. Ս. Ղազար կղզում: Մինչև դարավերջ հրատարակել է 17 անուն գիրք. Մխիթար Գոշ` «Առակներ», Ղազար Փարպեցի` «Պատմություն Հայոց», Նարեկացի` «Աղոթքներ», դասագրքեր և այլ գրքեր: 1833-ին «Հավատով խոստովանիմ» աղոթքը շքեղ տեսքով տպագրել է 24 լեզուներով, որի համար արժանացել է Բելգիայի թագավորի շնորհած շքանշանին: Լոնդոնում, Փարիզում, Ֆլորենցիայում և այլ քաղաքներում մասնակցել է միջազգային ցուցահանդեսների և շահել ոսկե և արծաթե մրցանակներ:

Տպարանի մինչայսօր շարունակվող բազմաթիվ` գիտական, գրական, արվեստաբանական և մյուս հրատարակումները կարևոր արժեքներ են հայ մշակույթի համար:

ՄԱՅՐ  ԴՊՐԱՏԱՆ  ՏՊԱՐԱՆ — 1792թ. հիմնադրվել է Կ.Պոլսում և գործել Մատթեոս Դպիրի ղեկավարությամբ: Հրատարակել է 6 անուն գիրք, վերջինը` «Մեկնություն ժամանակագրության», լույս է տեսել 1795 թվականին:

ՀՈՎՍԵՓ ՍՏԵՓԱՆՈՍՅԱՆ — 1796թ. տպարան է հիմնել Կալկաթայում և հրատարակել 2 անուն գիրք:

ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՏՊԱՐԱՆ —  Ալամդարյանի հիմնած տպարանը 1789թ. Պետերբուրգից տեղափոխվել է Նոր Նախիջևան մինչև 1796թ. հրատարակել է 15 անուն գիրք` «Բժշկարան համառոտ», «Խորհդատետր», «Տետրակ համառոտ բառասացության»  (բառարան) և այլն:

ԱԱՍՏՐԱԽԱՆԻ  ՏՊԱՐԱՆ —  1796 թվականին Նոր Նախիջևանի տպարանը տեղափոխվել է Աստրախան և 1797-ին հրատարակել «Մեկնություն սաղմոսաց Դավթի» 520 էջից բաղկացած գիրքը:

Աստրախանի տպարանը հրատարակումները շարունակել է մինչև 1820-ական թվականների վերջը:

ՀՈՎՍԵՓ  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ —  (սարկավագ) 1810-ական թթ., Բրիտանական Ընկերության աջակցությամբ Պետերբուրգում  հիմնադրել է հայկական երկրորդ տպարանը: Նրա տպագրություններից նշանավոր է 1126 էջից բաղկացած Աստվածաշունչը:

1820-ական թթ. վերջերին տպարանը փոխանցվել է Լազարյան ճեմարանին:

ՀԱՅԿԱԿԱՆ  ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ  ՃԵՄԱՐԱՆԻ ՏՊԱՐԱՆ —  1820-ական թթ. հիմնադրվել է Կալկաթայում: Այս տպարանը Կալկաթայի հայկական 7 տպարաններից ամենաբարեկարգն է եղել: Հրատարակչական գործը շարունակվել է մինչև 1870-ական թվականները: Հայտնի է այնտեղ տպագրված 15 անուն գիրք:

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՊԱՐԱՆ —   1823թ. Թիֆլիսում հիմնադրել է հայկական հոգևոր թեմի առաջնորդ արքեպիսկոպոս (1843-ից կաթողիկոս) Ներսես Աշտարակեցին: Տպարանի ղեկավարությունը հանձնվել է Հարություն Ալամդարյանին:

Հրատարակել է Շնորհալու «Ողբ Եդեսիոյ», Աբովյանի «Վերք Հայաստանի», «Ռուս-հայերեն բառարան» և այլ գրքեր: Միայն 1825-1828 թթ. լույս է ընծայել 30 անուն հրատարակում: Տպարանը գործել է մինչև 1860-ական թվականների սկիզբը:

ՇՈՒՇԻԻ ՏՊԱՐԱՆ —  1820-ական թթ. երկրորդ կեսին հիմնել են բողոքական միսիոներները: Նրանք հրատարակել են կրոնական և բարոյախոսական գրքեր ու դասագրքեր: Առաջին գիրքը տպագրվել է 1828-ին: 1836-ին տպարանը հանձնվել է Հայոց Ազգային Հոգևոր դպրոցին: Տպարանի վերջին հրատարակումը` «Հայկական աշխարհ» ամսագրի հերթական համարը, տպագրվել է 1874-ին:

ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՏՊԱՐԱՆ —  1829թ. Մոսկվայում հիմնադրել են Լազարյանների ժառանգներ` Հովհաննես և Խաչատուր  Հովակիմյանները:

Տպարանը հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակել է պատմաբանասիրական, հայագիտական, մատենագիտական և գեղարվեստական բազմաթիվ գրքեր ու դասագրքեր: Այս տպարանում է տպագրվել Ստեփանոս Նազարյանի և Միքայել Նալբանդյանի ջանքերով հրատարակվող «Հյուսիսափայլ» ամսագիրը:

Ս. ՀԱԿՈԲՅԱՆՑ ՏՊԱՐԱՆ —  1833 թ. հիմնադրվել է Երուսաղեմում: Մինչև 1900 թ. հրատարակել է կրոնական, պատմագրական, հայագիտական և գեղարվեստական շուրջ 70 անուն գիրք ու դասագիրք:

Տպարանը հայ հրատարակչության մեջ առաջին անգամ իրագործել է գունավոր տպագրություն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՅՈՒՀԵՆՏԻՍՅԱՆ— 1839 թվականին թողնելով ոսկերչությունը, Կ. Պոլսի հայոց գիշերօթիկ դպրոցում հիմնել է տպարան և հրատարակել գեղատես օրացույց 100000 տպաքանակով: 1846-ին հիմնել է նոր տպարան, իսկ 1856-ին` կառուցել ժամանակակից հաստոցներով սարքավորված առաջնակարգ տպարան: Թուրքական կառավարությունը նրան է վստահել թուրքական թղթադրամի տպագրությունը:

Մյուհենտիսյանն իր տպարանում, կես դարից ավելի աշխատանքի ընթացքում, տպագրել և հրատարակել է մեծ թվով գրքեր, դասագրքեր, հայագիտական աշխատություններ, թերթեր և հանդեսներ:

ՃԱՆԻԿ ԱՐԱՄՅԱՆ —  1850թ. Փարիզում հիմնել է գրաձուլարան, որտեղ ստեղծել է այժմ էլ գործածվող «Արամյան» տառատեսակը: 1859-ին հիմնել է տպարան և հրատարակել 20-ից ավելի անուն գիրք, այդ թվում` «Համառոտ բառարան արդեան լեզուի», «Նարեկ», «Երկու տող» (Մ. Նալբանդյան) և մի շարք պարբերականներ:

1862-ին տպարանը տեղափոխել է Մարսել և շարունակել հրատարակչական գործը մինչև 1864 թվականը: 1865-ին տեղափոխվել է Կ. Պոլիս, հիմնել  տպարան, որը գործել է մինչև 1879 թվականը:

ՏՊԱՐԱՆ ԱԶԳԱՅԻՆ — 1859թ. Թեոդոսիայում հիմնադրել են Հարություն Խալիպյանը և Գաբրիել Այվազովսկին: Հրատարակչական նպաստավոր շրջանում (մինչև 1865 թ.) տպարանը լույս է ընծայել հայերեն և ռուսերեն 46 անուն գիրք:

Տպարան Ազգայինը գործել է մինչև 1874 թվականը:

ԷՆՖԻԱՃՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ — 1860թ. Թիֆլիսում հիմնել է տպարան, որտեղ տպագրվել են բազմաբնույթ գրքեր, թերթեր և հանդեսներ: Այդ թվում` «Կռունկ Հայոց աշխարհին», «Գարուն», «Մեղու Հայաստանի», «Մուրճ» պարբերականները: Տպարանը 1880-ին փոխանցվել է Ռոտինյանցների տնօրինությանը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ —  1870-ական թթ. Թիֆլիսում հիմնել է տպարան, որը ձեռք է բերել առաջնակարգ հրատարակչության համբավ: Այնտեղ տպագրվել են դասագրքեր, գեղարվեստական գրականություն, պարբերականներ` «Մշակ», «Աղբյուր», «Հորիզոն» և այլն:

Տպարանը գործել է մինչþ 1910-ական թվականները:

ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՊԱՐԱՆ — 1872թ. հիմնադրվել է Բաքվում: Լույս է ընծայել Մխիթար Գոշի, Եզոպոսի առակների ժողովածուները, «Սոխակ Հայաստանի» երգարանի 4 հատորները, «Պարտիզիկ» բանաստեղծությունների ժողովածուն, դասագրքեր, տպագրել է «Հայկական աշխարհ» ամսագրի հերթական համարներից:

ՖԵԴՈՐՈՎԻ ԵՎ ԹԱՌՈՒՄՅԱՆԻ ՏՊԱՐԱՆ —  1874թ. հիմնադրվել է Գանձակում: 1874-1875 թթ. տպագրել է «Հայկական աշխարհ» ամսագրի համարները, իսկ 1890-ականներին` մի քանի գիրք:

ԶԱՔԱՐԻԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ — 1876 թ. հիմնել է Երևանի առաջին տպարանը, տպագրել է պարբերականներ և այլ հրատարակումներ:

ԳԵՎՈՐԳ ՍԱՆՈՅԱՆՑ —  1876 թ. հիմնել է Ալեքսանդրապոլի առաջին տպարանը: Հրատարակել է պարբերականներ և գրքեր, որոնցից հիշատակելի է Ջիվանու երգերի ժողովածուի առաջին հրատարակումը:

Տպարանը գործել է մինչև 1918 թվականը:

ԱԲՐԱՀԱՄ ՄԱԼԽԱՍՅԱՆ —  1890-ական թթ. հիմնել է Ալեքսանդրապոլի երկրորդ տպարանը:

ՄՆԱՑԱԿԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ —  1896թ. Թիֆլիսում հիմնել է ժամանակակից սարքավորումներով հագեցած բարեկարգ տպարան և իրականացրել մեծ թվով գրքերի բարձրորակ հրատարակում: Նրա տպարանում տպագրվել են «Թատրոն», «Ազգագրական հանդես», «Գեղարվեստ» հանդեսները:

19-րդ դարում հայկական հրատարակչություններ և տպարաններ են հիմնվել ինչպես հայկական  բնակավայրերում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների  քաղաքներում:

Պարտիզակում` 1848, Շամախիում` 1856, Վանում` 1858, Մուշում` 1863, Սեբաստիայում` 1871, Ախալցխայում` 1888, Նոր Բայազետում` 1890 թվականներին:

Բոմբեյում` 1810, Նյու Յորքում` 1857, Մանչեստրում` 1863, Կահիրեում` 1865, Եվդոկիայում` 1883, Վառնայում` 1885, Ալեքսանդրիայում` 1888, Թավրիզում` 1889, Ժնևում` 1891, Ռուշչակում` 1891, Աթենքում` 1892, Թեհրանում 1894, Բոստոնում` 1899 թվականներին:

Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո, 1921 թ. ձևավորվեց «Հայպետհրատ» հրատարակչությունը, որի կազմում գործել են մի շարք ճյուղային հրատարակչություններ և տպարաններ: Ամենաարդյունավետ գործողներն էին` «Սովետական գրող», ՀՀ ԳԱ-ի, ՀՀ ԿԿ Կենտկոմի հրատարակչություններն իրենց տպարաններով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: