ԷՔԶԻՍՏԵՆՑԻԱԼԻԶՄ

Published Ноябрь 26, 2014 by vahanaghababyan

Մինչև  19-րդ  դարի  կեսերը  արվեստի  պատմության  մեջ  գործում  էր  ժառանգորդականության  սկզբունքը, այսինքն`յուրաքանչյուր  նոր  ուղղություն  մերժում  էր  նախորդ  ուղղության  կենտրոնական  գաղափարը  և  ավելացնում  նորը, իրենը: 19-րդ  դարի  կեսերից  արվեստների  պատմության  մեջ  սկսվում  է  նոր  շրջան, որը  կոչվում  է  մոդեռն (նոր, ժամանակակից): Մոդեռնիզմ  տերմինով  նշվում է ժամանակի արվեստը:  Չնայած  մոդեռնիստական  ուղղությունների  յուրահատկություններին`մոդեռնիզմին  հատուկ  են  ընդհանրական  գծեր: Այն  հիմնականում  կրում  է  միայնության, վախի, մարդկային  գոյության  անիմաստության  կնիքը:

Մոդեռնիստական  ուղղությունների  մեջ  առանձնանում  է  էքզիստենցիալիզմը իր  փիլիսոփայական  բացառիկ  հիմքով  և ընդգրկումով: Թեև 1960-70-ական  թթ.  այն  իրեն  սպառեց  որպես  գեղարվեստական  ուղղություն, սակայն մնաց  փիլիսոփայության  մեջ: Էքզիստենցիալիզմը  (լատ. exsistentia-գոյություն)  կամ  գոյության  փիլիսոփայությունը  իռացիոնալիստական  ուղղություն  է   XX դարի   փիլիսոփայության  մեջ, որի  գլխավոր  թեման  է  մարդու  անհատական  կեցությունը,  նրա  կյանքի  իմաստն  ու  ճակատագիրը: Այն  առաջացել  է  1-ին  համաշխարհային  պատերազմի  ընթացքում`1914-1918թթ. Ռուսաստանում (իդեալիստ  փիլիսոփաներ  Շեստով, Բերդյան)` Առաջին  համաշխարհային  պատերազմից  հետո  Ֆրանսիայում (Սարտր, Մարսել, Քամյու): Ետպատերազմյան  տարիներին  տարածվում  է  նաև  եվրոպական  այլ  երկրներում, թեև  չի  հասնում  այն  բարձրակետին, ուր  հասել  էին  Գերմանիայի  և Ֆրանսիայի  էքզիստենցիալիստները:

Էքզիստենցիալիզմի  անմիջկան  աղբյուրներն  են  Նիցշեի  իռացիոնալիզմը, Բերգսոնի  ինտուիտիվիզմը, Հուսեռլի  ֆենոմենոլոգիան: Էքզիստենցիալիզմի գաղափարները  սերում  են  դանիացի  իդեալիստ  փիլիսոփա  Սյորեն  Կիերկեգորի  հայացքներից,  ըստ  որի`  կարևորը  մարդու  իրական  գոյությունն  է, մարդու  էքզիստենցիան` ամեն  տեսակ  արտաքին  կապերից  մաքրված  անձնական, անհատական  կյանքը: Կիերկեգորի  համոզմամբ  փիլիսոփայությունը  պիտի  կենտրոնանա  մարդու, նրա  խնդիրների  վրա, օգնի  նրան  ճշմարտությունը  բացահայտելու, իր  ներքին  ընտրությունը  կատարելու  և  սեփական  <<Ես>>-ը  գտնելու  հարցում: Կիերկեգորի  գաղափարների  տարածմանը  Գերմանիայում  նպաստեց  Կարլ  Բարտը` իր  <<Каментарии  к  Посланию  к  Римлянам>>  աշխատության  միջոցով, որտեղ  Բարտը  գրում  է, որ  Կիերկեգորը  ցույց  տվեց  ժամանակավորի  և  հավերժի  միջև  եղած  տարբերությունը  (<<Աստված  երկնքում  է, իսկ  դու` երկրի  վրա>>):

Էքզիստենցիալիզմը  մարդուն  դիտում  է  որպես  վերջավոր  գոյություն, որը  լքված  է  աշխարհում  և  անընդհատ  գտնվում  է  խնդրահարույց,  նույնիսկ  աբսուրդային  իրավիճակներում: Էքզիստենցիայի  ժամանակավոր  լինելու  պայմաններն են` ժամանակավորություն, պատմականություն  և  ակնթարթայնություն: Ի  տարբերություն  ֆիզիկական  ժամանակի, որն  անվերջ  ակնթարթներից  է  բաղկացած, էքզիստենցիալիստական  ժամանակը  վերջավոր  է  և  անկրկնելի, այն  հանդես  է  գալիս  որպես  ճակատագիր (Հայդեգեր, Յասպերս)  և  անխզելի  է  ամենի  հետ, ինչը  կազմում  է  էքզիստեցիայի  էությունը` ծնունդ, սեր, զղջում, մահ  և  այլն: Յասպերսը  նշում  է, որ  աշխարհում  ամեն  ինչ  վերջին  հաշվով  կործանման  է  ենթակա, ուստի  մարդը  պիտի  սովորի  ապրել  և  սիրել  այն  մշտական  գիտակցությամբ, որ  այն  ամենը, ինչը  ինքը  սիրում  մի օր վերջանալու  է: Մյուս  պայմանը` մարդու  գոյության  պատմականությունը, դրսևորվում  է  նրանում, որ  մարդը  միշտ  հայտնվում  է  որոշակի  իրավիճակում, որի  հետ  պարտավոր  է  հաշվի  նստել: Իսկ  նախասկզբնական  էքզիստենցիայի  ակնթարթային  բնույթի  էմպիրիկ  արտահայտությունն  է  որոշակի  ազգության, սոցիալական խմբի  պատկանելը, անհատի  մոտ  որոշ  կենսաբանական, հոգեբանական  և  այլ  որակների  առկայությունը:

Էքզիստենցիալիզմի  ծագմանն  ու  տարածմանը  նպաստող  մի  շարք  պատճառներ  գոյություն  ունեն: Դրանք  են.

  1. Բարոյական, տնտեսական և քաղաքական  ճգնաժամերը, որոնք  պարուրեցին  մարդկանց  1-ին  համաշխարհային  պատերազմից  առաջ, 1-ին  և  2-րդ  համաշխարհային  պատերազմների  ընթացքում:
  2. Գիտության և տեխնիկայի  կտրուկ  զարգացումը, տեխնիկական  նվաճումների  օգտագործումը` ի  վնաս  մարդու (զինվորական  տեխնիկայի  միջոցներ): Քաղաքակրթության  զարգացումը  և  մարդկային  գոյի  անպաշտպանվածությունը  ներդաշնակ  են: Շատ  զարգանալով` մարդն  ավելի  պրոբլեմատիկ  է  դառնում, հեռանում  բնությունից` ինչն  էլ  տանում  է  օտարացման:
  3. Մարդու կործանման վտանգը  (միջուկային  զենքի  հայտնագործում, մոտեցող  տնտեսական  աղետ):
  4. Դաժանության ուժեղացումը, անմարդկային վերաբերմունքը  մարդու  նկատմամբ (70 մլն  զոհվածներ  երկու  համաշխարհային  պատերազմների  ընթացքում, համակենտրոնացման  և  աշխատանքային  ճամբարներում):
  5. Ֆաշիստական և այլ  տոտալիտար  ռեժիմների  տարածումը, որոնք  հարվածում  էին  մարդու  անհատականությանը:

Փաստորեն,  էքզիստնցիալիզմն  ընդգծում  է   հասարակական  կյանքի, երևույթների  օտարումը  անհատից, անհատի  ենթարկվածությունը    կյանքի   <<բանական>> կարգավորման  մեխանիզմին  և  անզորությունը  հասարակական  աղետների  հանդեպ: Գիտությունը  և  նրա  տեխնիկական  կիրառությունը, ըստ  էքզիստենցիալիզմի, պատկանում  ու  ծառայում  են  խորթացած  այդ  աշխարհին, տրամաբանական  դատողական  մտածողությունը, տալով  աշխարհի  մեխանիզմը, բացառում  է  անհատին  և  չի  իմաստավորում  աշխարհը  մարդու  համար: Մարդը  էքզիստենցիալիզմի  ուսումնասիրության  կենտրոնն  է` իր  խնդիրներով, դժվարություններով, շրջապատող  աշխարհի  հետ  հարաբերություններով: Իսկ  նրա  ուսումնասիրության  հիմնական  խնդիրները  սրանք  են.

  1. Մարդկային անհատականության բացառիկությունը, նրա  զգացմունքները, ապրումները:
  2. Ապշեցուցիչ հակադրությունը մարդու  ներքին  աշխարհին  և  շրջապատող  աշխարհի  միջև:
  3. Մարդու օտարացման խնդիրը  (այսինքն`հասարակությունը  մարդու  համար  դառնում  է  օտար, ինչն  ազդում  է  մարդու<<Ես>>-ի  վրա):
  4. Մարդու մենակության, լքվածության խնդիրը (մարդը  մենակ  է  աշխարհում  և  չկա  մի  տեղ, որտեղ  նա  կարող  է  իրեն  օգտակար  զգալ):
  5. Կյանքի անիմաստության խնդիրը:
  6. Անհատի ներքին ընտրության  խնդիրը:

7.Մարդու  որոնումների  խնդիրը` ոչ  միայն  սեփական  <<Ես-ի  այլև  աշխարհում  սեփական  տեղը  գտնելու  ուղղությամբ>>:

Նշված  հարցերին  անդրադարձել  է  նաև  գերմանացի  փիլիսոփա, էքզիստենցիալիստ  Կարլ  Յարսպերսը:  Ըստ  Յարսպերսի` մարդը   սովորաբար  ապրում  է  լքված, առանց  կյանքի  իմաստը  հասկանալու, այսինքն` <<ինչպես  բոլորը>>: Նա  նույնիսկ  չի  գիտակցում` ով  է  ինքն  իրականում, չգիտի  իր  թաքնված  կարողությունների, հնարավորությունների, սեփական  <<Ես>>-ի  մասին: Միայն  հատուկ  պայմաններում  են  այդ  թաքնված  որակներն ի  հայտ  գալիս: Դա  սահմանային  վիճակն  է, մարդու  ճակատագրի  համար  կարևոր  պահը, երբ   մարդն  ազատվում  է  առօրյա  հոգսերից, հետաքրքրություններից, մնում է  ինքն  իր  հետ:  Հենց  սահմանային  վիճակներում,  խոր  ապրումների  պահին  է  մարդն  ըմբռնում   էքզիստենցիան  որպես  իր  գոյության  հիմք: Դրա  պատճառն  այն  է, որ  միայն այդ  պահին, երբ  մարդը  գտնվում  է  կյանքի  ու  մահվան  միջև, սկսում  է  հասկանալ  իր  մահկանացու   լինելը, բայց  և  հայտնաբերում  է  իր  անհատականությունը  որպես  անկրկնելի, միակ <<գոյակ>>  աշխարհում`  որպես  էքզիստենցիա: Դրանով  մարդկային  անհատը  բարձրանում  է  անձնավորության  աստիճանի  և  ձեռք  բերում  <<իսկական  ազատություն>>, ազատություն  հոգևոր  ոլորտում, որում  էլ  պիտի  ընտրի  ու  գնահատի  իր  վարքագիծը: Մինչդեռ  հասարակությունը, որ  արտաքին   նյութական  գոյության  հնարավորություն  է  միայն, սահմանափակում  է  մարդու  ազատությունը  և  բարոյական   ընտրության  հնարավորությունը: Հենց  այս  գաղափարը, որ  էքզիստենցիան  իրեն  դրսևորում  է սահմանային  վիճակներում  (պատերազմ, տանջանք, մահ), էքզիստենցիալիզմի  կենտրոնական  գաղափարն  է: Էքզիստենցիալիզմը  հավակնում  է հաղթահարելու  անհատականության  հոգեբանությունը  և  գտնելու  մարդկային  ապրումների  անմիջական  հիմքը, որոնք  չի  կարելի  օբյեկտիվացնել, օտարել, հաղորդել  ուրիշներին  (թերևս  միայն  արվեստն  է, որ  կարող  է  մասնակիորեն  վերարտադրել  դրանք):

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: